Եվ այսպես` օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օդանավային իր հայտնի հարցազրույցում նորից վստահեցրեց, որ իր գլխավորած երկիրը և, բնականաբար, իշխանությունները թևակոխել են լուրջ փոփոխությունների փուլ: Իհարկե, ինչպես միշտ, ոչ կտրուկ փոփոխությունների, դանդաղ, և ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, հենց այդպիսին պետք է լինեն բարեփոխումները: Որպես իր ասածի արձանագրում նույնիսկ հիշեց փետրվարի 12-ի սեփական ելույթը թիմակիցների առջև՝ հավաստիացնելով, որ բարեփոխումների գործընթացը շարունակական բնույթ է կրելու և առանձնապես կապ չունի ապրիլյան չորսօրյա պատերազմի օրերին ու դրանից հետո բացահայտված աղաղակող դրվագների հետ:
Այս առումով, հավանաբար, սերժսարգսյանական «դանդաղ շտապելու» մարտավարության տիրույթում պետք է որ դիտարկվեր մեկ այլ իշխանական «ռեֆորմատորի»՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ վերջերս կառավարության նիստում ընթերցած կոնցեպտուալ տեքստը: Սակայն հետաքրքրական է, որ վարչապետի «մայիսյան թեզերը» իշխանական որոշ շրջանակների լրատվամիջոցներ և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ փորձեցին ներկայացնել որպես Բաղրամյան 26-ի հետ չհամաձայնեցված ինքնագործունեություն և նույնիսկ տեղեկատվական լրահոսի միջոցով պնդեցին, թե վարչապետի սույն «հեղափոխական» ելույթը լուրջ դժգոհություն է առաջացրել նախագահականում: Մինչդեռ հայաստանյան ներիշխանական և միջկլանային հիերարխիային փոքր-ինչ ծանոթ իշխանական ներկայացուցիչներն անմիջապես բացառեցին նման տարբերակը՝ քիչ հավանական համարելով, որ սովորաբար սուր անկյունները հարթելու գործելաոճին դավանող և այդ հարցերում գերճարպկություն ցույց տվող վարչապետն ինքնակամ կստանձներ բարեփոխչի ծանր բեռը: Ավելին, լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանին հստակ հրահանգվել է, որպեսզի վերջինս այս անգամ իր վրա վերցնի կոռուպցիայի դեմ պայքարողի դերը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հաշվարկը պարզ է. ով էլ այս տոտալ անվստահության մթնոլորտում հանդես գար նման հայտարարություններով, քննադատության թիրախ էր դառնալու։
Պատահական չէր, որ իշխանական շատ լրատվամիջոցներ վարչապետին դարձրին քննադատության առարկա, ինչը այսօրվա իրողություններում բնական ռեակցիա կարող է համարվել, քանի որ հայաստանյան քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքում վերջին տարիներին գերակշռող իմիտացիոն գործընթացները հանգեցրել են նրան, որ իշխանությունների հնչեցրած գրեթե ցանկացած թեզ առանձնապես լուրջ չի ընկալվում ոչ միայն հասարակության ամենալայն շրջանակների կողմից, այլև հենց իշխանության ներքին օղակներում, ներառյալ իշխող կուսակցությունը:
Իրոք, բավականին զվարճալի է, երբ գոնե պաշտոնապես իրենց կյանքում խոշոր գործարարությամբ կամ բարձր վարձատրվող գիտական կամ պետական գործունեությամբ չզբաղված, բայց մուլտիմիլիոնատերեր դարձած պետական պաշտոնյաները պարբերաբար ազդարարում են պետական համակարգում կոռուպցիայի դեմ վճռական պայքար սկսելու մասին:
Այստեղ, թերևս, կարելի է հիշել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որ նույնպես ժամանակ առ ժամանակ այս չարիքի դեմ պայքարելու դիրքերից էր հանդես գալիս: Իր պաշտոնավարման ամենասկզբում նա կոռուպցիայի դեմ պայքարի մի բանաձև հնչեցրեց, ասում էր, թե կա սրա դեմ պայքարի մի տարբերակ. եթե երկրի առաջին 5 ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հենց իրենք խրված չեն կոռուպցիայի մեջ, ապա երկրում կոռուպցիա չի լինի։ Դժվար է չհամաձայնել այս թեզի հետ: Սակայն այս հայտարարությունն արվել է հեռավոր 2008-ին և, դատելով նրանից, որ նույն թեման շարունակվում է արդիական մնալ նաև 2016-ին, հարց է առաջանում՝ կարելի՞ է ենթադրել, որ նշված առաջին 5 պաշտոնյաները շարունակում են, այնուամենայնիվ, առնչություն ունենալ կոռուպցիայի հետ։
Ինչևէ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հայտարարությունում պետական համակարգի օպտիմալացման, բյուջետային միջոցների խնայման, մենաշնորհների դեմ պայքարի և դրանց հայտնաբերման հետ մեկտեղ թիրախավորեց նաև պետական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը: Թերևս անվիճելի է, որ քառօրյա պատերազմի ընթացքում և հետո առաջացած հասարակական խոր դժգոհությունները և կոռումպացված պետական համակարգը դեմոնտաժ անելու համառորեն հնչող պահանջները ստիպում են վարչախմբին ինչ-ինչ քաղաքական և քարոզչական գործողություններ ձեռնարկել՝ հասարակական եռացող դժգոհության գոլորշին փոքր-ինչ բաց թողնելու համար: Բնականաբար, վարչապետի «բարեփոխումները» այս առումով ուղղված են ներքին լսարանին և հետևողական քաղաքական տեխնոլոգիական մանիպուլյացիաների միջոցով նպատակաուղղված են երկրում առկա բարդ բարոյահոգեբանական մթնոլորտին փոքր-ինչ լավատեսական երանգներ հաղորդելուն: Այս առումով թե՛ տնտեսության դեմոնոպոլիզացիայի, թե՛ պետական ուռճացված ապարատի կրճատման ու թե՛ համատարած կոռուպցիայի դեմ պայքարի թեմաների ընտրությունն իրոք բխում է հասարակական պահանջից: Միևնույն ժամանակ բազմիցս է արդեն հնչեցվել այն միտքը, որ այս ուղղություններով պայքարելու անհրաժեշտությունը վաղուց սկսել է պարտադրվել արտաքին աշխարհի կողմից և, առաջին հերթին, Արևմուտքից:
Վերջիններս ոչ միայն երկրում կարգուկանոն և օրինականություն հաստատելու պահանջով են պայմանավորում օտարերկրյա ներդրումներ ապահովելու իրենց ցանկությունները, այլև միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից վարկային ռեսուրսների տրամադրումը: Այս առումով առավել քան ակտիվ է ԱՄՆ-ն՝ ի դեմս իր դեսպան Ռիչարդ Միլսի: Սակայն ամերիկացիները, ինչ-որ փուլից սկսած, կարծես թե որոշեցին չսահմանափակվել միայն կոչերով կամ հայտարարություններով, այլ որոշեցին նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել՝ 750000 դոլար հատկացնելով Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի համար և դրանով իսկ դառնալով ՀՀ իշխանությունների գործընկերն այդ պայքարում: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը ոչ միայն գործուն մասնակցություն է ունենալու հակակոռուպցիոն գործընթացներում, այլև իր գործելաոճին հարազատ մնալով՝ փորձելու է վերահսկել ինչպես ծախսվող յուրաքանչյուր ցենտը, այնպես էլ ամբողջ գործընթացը: Այս առումով վարչապետի, անկասկած, PR տարրեր պարունակող հայտարարությունը, բացի այն, որ ուղղված է ներքին լսարանին, ունի նաև ավելի հեռուն գնացող նշանակետեր։
Հատկանշական է, որ մարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հրավերով բավականին ուշագրավ այց կատարեց Վաշինգտոն։ Այստեղ Աղվան Հովսեփյանը շատ բարձր մակարդակի ընդունելության արժանացավ. նրան նույնիսկ ընդունեց անձամբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Կոմին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են անդրազգային կազմակերպված հանցավորության և պետական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության հարցերը։ Ամերիկյան կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ հանդիպումը «նախազգուշացում է հանցագործներին», որ ոչ մի տեղ նրանք չեն կարող թաքնվել՝ ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Հայաստանում։ Իսկ հանդիպումից մեկ ամիս հետո արդեն Երևանում Աղվան Հովսեփյանն ընդունեց ԱՄՆ-ի Հետաքննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային կցորդի գլխավորած պատվիրակությանը։ Դարձյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, թե քննարկվել են ԱՄՆ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ակնհայտ է, որ ՀԴԲ-ի ղեկավարների հետ լուրջ խոսակցություն է եղել, ու ակներև է, որ ինչ-որ ընթացք է տրվել, որն անմիջականորեն վերահսկվում է ամերիկացիների կողմից։ Եվ հետաքրքիր է, որ այդ ընթացքում Հայաստանի արևմտամետ ուղղվածությամբ մամուլը հրապարակեց չափազանց հետաքրքրական մի տեղեկություն, թե, ամենայն հավանականությամբ, Աղվան Հովսեփյանին ԱՄՆ-ում ինչ-որ տվյալների կամ ինչ-որ մարդկանց մասին տեղեկությունների «ճամպրուկ» են տվել։ Եվ դա, ի դեպ, համընկավ հենց այն ժամանակաշրջանի հետ, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ինչպես պնդում են լրատվական աղբյուրները, կոմպրոմատային համանման ճամպրուկով հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո, ի դեպ, բացվեց պանամական օֆշորային հայտնի սկանդալը։
Այս համատեքստում չի բացառվում, որ Աղվան Հովսեփյանին հավանաբար տրվել են նյութեր, որոնք բավականին լուրջ կոմպրոմատներ են, թե ինչ բնույթի, իհարկե, դժվար է ասել, և կարելի է միայն դրանց կարևորության մասին կռահել: Ամենայն հավանականությամբ, դրանք կապված են նաև տարբեր օֆշորների հետ։ Եվ Միհրան Պողոսյանի պանամական գործն ընդամենն առաջին ու նախազգուշական «կրակոցն» էր։ Այնպես որ, կոռուպցիայի դեմ պայքարի թեման, որ այս տարվա սկզբից համառորեն շեշտադրվում է, մի գիծ է, որն արդեն կոշտ ձևով պարտադրվում է Հայաստանի իշխանություններին դրսից։ Իսկ ինչո՞ւ Աղվան Հովսեփյանի միջոցով. գուցե համարվում է, որ նա քիչ թե շատ անկախ և այսօրվա ուժային բլոկում Սերժ Սարգսյանի հետ ամենաքիչ կապվածությունն ունեցող անձն է։ Ի դեպ, հետաքրքրական է, որ հենց օրերս մամուլում հրապարակում եղավ, թե Աղվան Հովսեփյանին պատրաստվում են պաշտոնանկ անելու սերնդափոխության ֆոնի ներքո։
Ինչևէ, ներքին և արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական դրդապատճառներ ունեցող գործընթացները ստիպում են իշխանություններին առնվազն իմիտացիոն ակտիվություն ցուցաբերել հակակոռուպցիոն, հակամենաշնորհային և պետական ռեսուրսների մսխման դեմ պայքարի ոլորտում: Եվ այստեղ կարծես ավելի դոմինանտ դեր են խաղում իշխանության համար արտաքին պարտադրանքները, այդ թվում՝ որ միհրանպողոսյանական սկանդալից ավելի աղմկահարույց դրվագներ դրսից ջրի երես չհանվեն:
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ